ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Արդար և ներդաշնակ հասարակական կարգի բանալին

Արդար և ներդաշնակ հասարակական կարգի բանալին
10.12.2024 | 14:35

«Մի ասա այն, ինչ չգիտես»՝ խրատում է դասականը, այնուհետև շարունակում է՝ «մի ասա այն, ինչ գիտես», իսկ վերջում` «մի՛ դատիր, մի՛ քննարկիր»:

Այս` առաջին հայացքից պարզ թվացող մտքերը, իրականում բացահայտում են փիլիսոփայական, քաղաքական և սոցիալական մտորումների հսկայական հորիզոններ, որոնք թափանցում են մարդկային հաղորդակցության և հասարակական կյանքի ոլորտը:

«Մի ասա այն, ինչ չգիտես» ձևակերպումը բարձրացնում է գիտելիքի և իմաստության նկատմամբ մարդկային վերաբերմունքի խնդիրը։ Տեղեկատվական գերհագեցվածության և կեղծ տեղեկատվության զանգվածային տարածման դարաշրջանում մենք ականատես ենք լինում, թե ինչպես են շատերը, առանց բավարար որակավորման և գիտելիքների, բարձրաձայնում սոցիալական և քաղաքական զգայուն հարցեր: Սա պարզապես պարապ խոսակցություն չէ. սա կարող է հանգեցնել իրականության խեղաթյուրմանն ու ապատեղեկատվության տարածմանը, որոնք շատ հաճախ վեր են ածվում քաղաքական մանիպուլյացիաների` խարխլելով ժողովրդավարության, և, առհասարակ, հասարակության հիմքերը, այնինչ, քաղաքացիները տեղեկացված որոշումներ կայացնելու և´ ուրավունք, և´ պարտավորություն ունեն: Մարդը, ով ասում է այն, ինչ չգիտի, դառնում է զենք ավելի հզոր ուժերի ձեռքում, որոնք սրում են հակամարտությունները և խարխլում սոցիալական ներդաշնակության հիմքերը:

Հաջորդ միտքը՝ «մի ասա այն, ինչ գիտես», բացահայտում է մեր սոցիալական գոյության է´լ ավելի նուրբ կողմը: Գիտելիքը միշտ չէ, որ բացարձակ է, և ժամանակակից աշխարհում, որը լցված է տարբեր տեսակետներով և մեկնաբանություններով, յուրաքանչյուր գիտելիք ենթակա է կասկածի: Այս արտահայտությունը կարող է նախազգուշացում ծառայել դոգմատիզմի և ամբարտավանության դեմ, ինչպես նաև ստիպել մեզ հասկանալ, որ գիտելիքին միշտ պետք է զգույշ վերաբերվել, իսկ սեփական գիտելիքին` քննադատաբար:

«Մի՛ դատիր, մի՛ քննարկիր» միտքը փոխանցում է բևեռացման և առճակատման դարաշրջանում փոխըմբռնման և փոխզիջման ցանկություն: Դատելը շատ հաճախ հանգեցնում է փոխադարձ թշնամանքի և կոնֆլիկտների, որոնք խանգարում են կառուցողական երկխոսությանը, ուրիշների կարծիքներն առանց պատշաճ հաշվի առնելու՝ անվստահության անդունդ է ստեղծում: Մեր ժամանակի քաղաքագիտական իրականությունը պահանջում է մեզնից, դատապարտման անդունդը սուզվելու փոխարեն, լինել լսելու և հասկանալու ընդունակ: Այս համատեքստում կարելի է խոսել մշակութային և քաղաքական բազմակարծության կարևորության մասին, որտեղ յուրաքանչյուր ձայն կարևոր է, և որտեղ երկխոսությունը տարբեր տեսակետներ կապող կամուրջ է:

Այսպիսով, դասականի այս մտքերը ոչ միայն հռչակում են ժամանակակից հասարակության մեջ իմաստուն հաղորդակցության անհրաժեշտությունը, այլև հիմք են դնում բևեռացմանն ու առճակատմանը դիմակայող երկխոսության համատեղ կառուցմանը: Մենք պետք է դադարենք աշխարհը բաժանել «մենք»-ի և «նրանց»-ի, «ճիշտ»-ի և «սխալ»-ի և սկսենք հասկանալ, որ յուրաքանչյուր բառ ունի իր իմաստը, և դրա ուժը կարող է լինել և՛ ստեղծագործական, և՛ կործանարար: Սա է արդար և ներդաշնակ հասարակական կարգի բանալին՝ սեփական խոսքերի և արարքների համար պատասխանատվության գիտակցման մեջ, լսելու և հասկանալու, այլ ոչ թե դատելու պատրաստակամության մեջ:

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 3854

Մեկնաբանություններ